Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է
13.06.2012 | 06:34

Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»: Իսկ Չարենցը անհանգստացած նախազգուշացնում էր՝ «Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում և կարոտ մանկութ հարազատ ձորի, Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում Քո պայծառ ուղին անդարձ չկորի»: Ակսել Բակունցը Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին, Գորիսում։ Պատմում են, որ երբ ծնվում է ապագա գրողը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկում և խնդրում, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրը այդպես էլ անում է։ Սակայն պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել: Ժամանակի անթացքում Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը: Անվանի գրողը գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով: Իր նամակներից մեկում նա գրում է. «Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում... Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ... Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ